Գեղամ Մանուկյանն այցելել է ԱԱԾ մեկուսարան՝ տեսակցելու Միքայել Սրբազանին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելել է ԱԱԾ մեկուսարան՝ տեսակցելու Միքայել Սրբազանին․
«Այսօր առավոտյան ընկերոջս՝ Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարան՝ Միքայել Սրբազանին տեսակցելու: Նրա հետ արդեն հանդիպում էր Աղվան Վարդանյանը: Սրբազանի օրհնությունն ստանալուց հետո աննման զրույց ունեցանք ամենատարբեր հարցերի շուրջ (իհարկե «ընկեր մայորի¦ գաղտնալսման ներքո):
Գիտելիքի, տեղեկությունների մի ամբողջ պաշար հորդեց այդ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում: Սրբազանը նույն լուսավոր անձն է, իր խստությամբ, իմաստնությամբ ու հումորով: Ի դեպ, դժգոհեց միայն, որ ԱԱԾ գրադարանում իտալերեն գրքեր չկան:
Հարցրեցի՝ Սրբազան, ո՞ր կամեռում եք նստած: Պատասխանեց՝ 8-ը: Քանի որ խցերի համարակալումը վաղուց փոխվել էր, դիրքը ճշտելուց հետո, հիշեցի, որ նախկին 16-րդն է, որտեղ 1995 թվականի հունվարից գրեթե վեց ամիս մենակ եմ անցկացրել: Այն օրերին երբեք, մտքի ծայրով անգամ չէի կարող մտածել, թե այս աբսուրդին ականատես կլինեմ՝ սրբազանները ԱԱԾ խցում: Ուժ ու համբերություն մաղթեցինք և հրաժեշտ տվեցինք, քանի որ Սրբազանը պետք է պատրաստվեր ժամեր անց դատարան գնալուն»:
—00—ՄԱ