Բացահայտվել են աշխատողի չձևակերպման, անկանխիկ գործառնությունների կիրառման կանոնների խախտումներ

21/08/2025 11:23 Ներքին կյանք

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում:

Միաժամանակ, վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

ՊԵԿ-ը ներկայացնում է 2025 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

-Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 649 հարկ վճարողի մոտ և տուգանքի չափը կազմել է 253.6 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։ Արձանագրված խախտումներից 21 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 60 մլն դրամի չափով: ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների։

-Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 67 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 70 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։ Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 30 հարկ վճարող տուգանվել է 57.5 մլն դրամով: Խախտում թույլ տված հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։

-«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 47 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 16.7 մլն դրամի չափով տուգանք: Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

—00—ՄԱ