ԼՂ-ում հայազգի ականավոր գործիչների հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է․ Շվիդկոյ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը դատապարտել է օկուպացված Արցախում հուշարձանների քանդումը: Լեռնային Ղարաբաղում հայազգի ականավոր գործիչների և զինվորականների 25 հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է, հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
«Հուշարձանների դեմ պատերազմը պատվաբեր չէ որևէ երկրի համար: Դրանք արտացոլում են այս հողի վրա ապրող ժողովուրդների պատմությունը: Շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի և Կովկասի ժողովուրդների միջև հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և մեզ կապում է ոչ միայն այսօրը, այլև անցյալն ու ապագան: Քաղաքականությունն ապրում է ներկայում, իսկ մշակութային հարաբերություններն ապրում են հավերժության մեջ, և դա պետք է հասկանալ։ Հարավային Կովկասում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի հետ Ռուսաստանին կապում է բազմադարյա պատմությունը, և մեր ժողովուրդների միջև կապերը չեն վերանում», – ասել է նա։
Հիշեցնենք՝ ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկիի հուշարձանը։
—00—ՍՊ