Խոշոր վթար Կոտայքում․ կա վիրավոր․ ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշներին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում Երևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարուշ Բաղդասարյանը և Կարեն Անդրեասյանը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
–00—ԱՊ