Լինգը կոտրվեց, բնակարանային գողությունը` մնաց փորձ. բացահայտում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Հունիսի 4-ի ուշ երեկոյան Շիրակի մարզի պարեկներին մոտեցած տղամարդը հայտնել էր, որ Մայիսյան գյուղում գտնվող իր հանգուցյալ պապի տնից գողություն է կատարվել։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ նույն օրն անհայտ անձինք վնասել են չբնակեցված տան պատուհանի ճաղավանդակը, մուտքի, ավտոտնակի և նկուղի դռների փականները, սակայն, ոչինչ չգողանալով, հեռացել են։
Ախուրյանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների, նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Ախուրյանի քննչական բաժնի աշխատակիցների հետ համագործակցության շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է Մայիսյան գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Գողության նպատակով իր հետ բերած մետաղյա լինգով նա փորձել էր կոտրել տան պատուհանի ճաղավանդակը, դռների փականները, սակայն կոտրվել է նաև լինգը:
Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են։
—00—ՄԱ