Ողբերգական դեպք՝ Երևանում. «Լադա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին

20/08/2025 10:21 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 7 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի գոտու աջ մասում «Լադա» մակնիշի ավտոմեքենայում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանը, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը:

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:  «Լադա» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու մարմին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  Համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Հայկ Մ.-ն է:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

—00—ՄԱ