22-ամյա երիտասարդը Դավիթաշենում 1 օրում 6 մեքենայի հայելի է գողացել
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Օգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։
Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա այդ օրը նույն թաղամասի բնակիչներից ստացված նմանատիպ մի շարք ահազանգերից միայն առաջինն էր:
Ժամը 9.12-ին ստացվեց նոր հաղորդում. գողացել էին «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս։ Այս դեպքում, սակայն, որևէ հասցե չէին թողել:
Ժամը 9.54-ին ստացված հաջորդ հաղորդմամբ նշվում էր, որ «Նիսանի» կողային հայելիները գողացել և թողել են տելեգրամյան ալիքի հասցե։ Այս դեպքում էլ վնասը 400 հազար դրամ էր:
Ժամը 11.25-ի ահազանգը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիների մասին էր, դարձյալ պատճառվել էր 400 հազար դրամի վնաս։
Ժամը 13.26-ին հաղորդվեց «Նիսանի» կողային զույգ հայելիների ապակիների գողության վերաբերյալ: Այս դեպքում էլ թողել էին տելեգրամյան ալիքի հղում։
Ժամը 14-ի հաղորդումը «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիների մասին էր, ու դարձյալ` թողել էին հասցե։
Այս ողջ ընթացքում Դավիթաշենի համայնքային ոստիկանները ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և շուտով ստացվեց հավաստի տեղեկություն, որ այս բոլոր հափշտակությունները կատարել է Սիսիան քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Ավելին, նույն օրը` ժամը 21.30-ին, մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
—00—ՄԱ