Հայտնաբերվել է 450 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Օգոստոսի 11-18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5327 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 192 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 234 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 204 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1207, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 602, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 383, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 405 և 1461 այլ իրավախախտում։ 162 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 342-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 43-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 71-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 68 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16172 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 308 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 216 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 506 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 59, չամրակապված վարելու՝ 5460, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 202, վարելու ընթացքում ծխելու՝ 514, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 635, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 80, արագության գերազանցման՝ 2233 և 3700 այլ իրավախախտում։ 521 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1511-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 343-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 7 բեռնատար, 195-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 40 անձ։
—00—ՄԱ