Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Էջմիածնում. կեղտաջրերը լցվում են բակեր, ավտոտնակներ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Վաղարշապատ քաղաքում տևական ժամանակ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Չարենց թաղամասի թիվ 19 շենքի բակում և դրան հարակից խաղահրապարակում: Ինչպես տեղից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերից դուրս եկող կեղտաջուրը ամբողջությամբ անցնում է 5 մուտքանի 5 հարկանի շենքի մուտքերի մոտից և լցվում ավտոտնակների մեջ, հասնելով խաղահրապարակ: Այսօր՝ օգոստոսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «4 օր է՝ էս վիճակն է, բայց էնպես չի, որ սա առաջին դեպքն է:
Երկար ու ձիգ տարիներ է՝ էս վիճակը, ոնց որ ասում են, չոքել է մեր դուռը ու ոչ Արմավիրի մարզպետարանը, ոչ Վաղարշապատի քաղաքապետարանը, ոչ «Վեոլիա ջուր»-ը չեն կարողանում կամ չեն ցանկանում դրա դեմն առնել: Ամեն անգամ, երբ դիտահորերից կեղտը դուրս է գալիս, ահազանգում ենք Էջմիածնի քաղաքապետարան, այնտեղից ասում են՝ խնդրին ծանոթ ենք, դա մեր գործը չի, «Վեոլիա ջուր»-ը պիտի անի, զանգում ենք «Վեոլիա ջուր», իսկ այնտեղից ստանում ենք նույն պատասխանը՝ «ձեր հայտը գրանցել ենք, կմոտենանք», բայց վայ էդ մոտենալուն, մեզ մոտ՝ Էջմիածնում, «Վեոլիա ջուրը» դարձել է «Նոյի ագռավ», դեռ գալիս է:
Արմավիրի մարզպետը, Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանն ու ներկայիս քաղաքապետի պաշտոնակատարը հայտարարում են, թե հեծանիվ քշեք, առաջնորդվեք առողջ ապրելակերպով, հետաքրքիր է՝ այդ պաշտոնյաների ու «Վեոլիա ջրի» աշխատակիցների երեխաները էս պայմաններում հեծանիվ կքշե՞ն, կմարզվե՞ն այն խաղահրապարակում, որն ամբողջությամբ լցված է կեղտաջրով:
Վճարումները կանոնավոր կատարում ենք, փոխարենը՝ 0 սպասարկում: Հիմա չգիտենք՝ ում դիմենք, մնում է նամակ գրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ուզում ենք մեր երեխաները ձեր նման հեծանիվ քշեն, բայց թե որտեղ, ինչ պայմաններում՝ չգիտենք: Մի քիչ հույսներս մեր Արմավիրի նախկին մարզպետ, այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն է, էն էլ ոնց մտածում ենք, նրա կողմից էլ ենք արհամարհանք ստանում, որպես նախարար, որպես Արմավիրի նախկին մարզպետ, ինչի չէ՝ նաև որպես Արմավիրի մարզի բնակիչ, գոնե ինքը «Վեոլիա ջրին» տոկի տա, որ գա, հարցը լուծեն, հակառակ դեպքում տարածքում տիրող գարշահոտության պատճառով վարակ է սկսվելու»:
—00—ՄԱ