Չարենցի փողոցի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին, կողքին էլ՝ ինքնաձիգ

16/08/2025 10:05 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական և Մարաշի բաժիններում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել են Երևանի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Հարություն Դանիելյանի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ:  Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու ոստիկանության Մարաշի բաժնի պետի Մառլեն Հակոբյանը:

 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և տարածքի սպարկումը ոչ թե Կենտրոնականի, այլ Մարաշի բաժնի հսկողության տակ է:  Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է քաղաքացու մահը:

 

Դեպքի մասին ոստիկանության Մարաշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:  Ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը: Տեղում պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ալեն Ս.-ն էր:

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է, քանի որ իրավապահները այդ 3 վարկածների ուղղությամբ են աշխատում:  Հնարավոր է, որ կա՛մ կրակելով սպանել են, կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ էլ դիակի մոտ հայտնաբերված ինքնաձիգն անզգուշաբար փորձարկել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

 

–00—ԱՊ