Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 15-ի հերթական նիստում սահմանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Վաղարշապատ համայնքի ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում կարող են ԿԸՀ ներկայացնել օգոստոսի 16-ից հոկտեմբերի 12-ը ներառյալ։
Հավատարմագրվել ցանկացող ԶԼՄ-ներն ու դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները դիմումներ կարող են ներկայացնել օգոստոսի 13-ից նոյեմբերի 6-ը ներառյալ։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է մինչև օգոստոսի 23-ը ներառյալ։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցումն իրականացվելու է հոկտեմբերի 12-ից 17-ը ներառյալ։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։
Ընտրության նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ԿԸՀ համացանցային կայքում՝ Elections.am:
—00—ՄԱ