Արցախցի կնոջը խոստացել են դրամական օգնություն, բայց դրա դիմաց պահանջել են 80 հազար դրամ

15/08/2025 09:54 Ներքին կյանք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց հափշտակել են գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Ծովինար Դ․-ն հայտնել է, որ օգոստոսի 8-ին «Facebook» սոցիալական կայքով «Նոր Արցախ» խմբում «Անուշ Բալասանյան» օգտատերը հայտարարություն է տեղադրել, որում նշված է եղել, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնություն տրամադրելու համար ինքը կարող է օգնել և իրեն տրամադրել է վերոնշված հեռախոսահամարը, որի « WhatsApp» հավելվածի միջոցով ինքը կապ է հաստատել և իրեն պատասխանել է մի տղամարդ ով ներկայացել է Երևանի բնակիչ 48-ամյա Զաքար Գևորգյան և տրամադրել է իր անձնագրի լուսանկարը, հայտնելով, որ կարող է օգնել կազմակերպության միջոցով 1 մլն 200 հազար դրամ գումար ստանալ, սակայն նշված գումարը ստանալու համար իրեն պետք փոխանցի 80 հազար դրամ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը, հավատալով խոստմանը, փոխանցել է գումարը և տղամարդը իրեն օգոստոսի 9-ին կանչել է Երևան քաղաքի «Կոնվերս» բանկ, ինչից հետո վերջինս արգելափակել է իր համարը և չի պատասխանել հեռախոսազանգերին։Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցանք կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

—00—ՄԱ