Նիկոլը հեծանիվը մոռացավ, Ժաննան՝ չէ. «Հրապարակ»

15/08/2025 08:17 Ներքին կյանք

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանի հեծանվային զբոսանքների ակտիվ փուլում՝ մայիս-հունիս ամիսներին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ենթակաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել եւ առողջ ապրելակերպը գերատեսչությունում խթանելու քողի ներքո որոշել է քծնել «շեֆին»։

Նախարարն իր ենթականերին հանձնարարել է՝ աշխատակազմին տեղեկացնել, թե ովքեր հեծանիվով աշխատանքի կներկայանան, որոշակի խրախուսական գումարներ կստանան, այդպես նաեւ իբր կնպաստեն առողջ ապրելակերպի գաղափարի զարգացմանը։

Իշխանական թիմում նախարարի հանձնարարականը բուռն քննարկումների առիթ է դարձել, ասում են՝ Անդրեասյանը Փաշինյանին իբրեւ կուռքի է վերաբերվում եւ երբեմն չի կարողանում քողարկել իր այդ անթաքույց հիացմունքը։

Մեզ ասացին նաեւ, որ այնպես չէ, թե նախարարի հանձնարարականը դրական արձագանք է ստացել կոլեկտիվում, արդեն ամիսներ են անցել, բայց հեծանիվով աշխատանքի գնացողներ, ըստ մեր աղբյուրի, չկան։

Ի դեպ, երեկ կառավարության նիստում էլ հաստատվել է «հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման եւ երթեւեկության այլընտրանքային ձեւերի խթանման միջոցառման իրականացման կարգը»:

Նույն Ժաննա Անդրեասյանի առաջարկությամբ որոշել են՝ «1. հեծանիվ վարող դասախոսների եւ ուսանողների համար կազմակերպել hեծանվային կրթական արշավներ, 2.​ներբուհական զեղչեր կիրառել այն ուսանողների նկատմամբ, ովքեր կօգտվեն ծրագրից, 3. պարգեւատրել հեծանիվ վարող դասախոսներին, կազմակերպված հեծանվային միջոցառումների մասնակից բուհերի եւ քոլեջների ուսանողներին»:

Եվ անգամ արտոնյալ վարկեր են տալու այս նախագծի մասնակիցներին, հեծանիվ ներկրողներին, սպասարկողներին եւ այլն:

–00—ՍՊ