Սամվել Կարապետյանին կալանավորելով Նիկոլը ցուցադրում է՝ թքած ունի ՀՀ վարկանիշի վրա․ Հակոբյան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է․
«Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը մի շարք արմատական եզրահանգումների տեղիք է տալիս.
Կառավարիչի աթոռը ճոճելուն միտված ցանկացած տեսակի այլախոհություն մահացու վտանգ է Նիկոլի համար և նա պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ճնշի այլախոհությունը: Պատրաստ է ընդհուպ բանսարկելու, բանտարկելու, սեռն ու կրոնը փոխելու (եթե, իհարկե, ունի), ամենայն հավանականությամբ՝ նաև կրակելու:
Նիկոլը Սամվել Կարապետյանին բանտարկել է և ՀԵՑ-ը խլել է ոչ թե նրա համար, որ ուժեղ է, այլ ճիշտ հակառակը՝ չափազանց թույլ է, քանզի զգում է՝ իշխանությունը մազից է կախված ու ցանկացած խոսք, որը կարող է շարժման հանգեցնել, կարող է կտրել այդ մազը:
Սամվել Կարապետյանին բանտարկելով և ՀԵՑ-ը խլելով՝ Գյումրիի ընտրությունից դասեր քաղած Նիկոլը վերջնականապես ի ցույց է դնում, որ թքած ունի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ազատ խոսքի և սեփականության իրավունքի նույնիսկ իմիտացիայի վրա: Կա խնդիր իշխանությունն ամեն գնով պահելու, նա այդ խնդիրը փորձում է լուծել:
Սամվել Կարապետյանին կալանավորելով և ՀԵՑ-ը խլելով՝ Նիկոլը բացահայտորեն ցուցադրում է, որ թքած ունի Հայաստանի վարկանիշի, ինչպես նաև արտասահմանյան ու սփյուռքի ներդրումների վրա: Ո՞վ է գժվել Հայաստանում ներդրումներ անել, եթե կարող են Ֆորբսի ցուցակի մեծահարուստ ներդրողի և ազգային բարերարի հետ վարվել այնպես, ինչպես Նիկոլը վարվում է Սամվել Կարապետյանի հետ:
Սամվել Կարապետյանի հետ կատարվողը պարզ ապացույցն է, որ հայերը Նիկոլի նման չեն փալասացել ու չեն կապիտուլացվել՝ մնալով թշնամու շպրտած թուլափայի հույսին: Դժվար է չհամաձայնվելը, որ ի տարբերություն հազարավոր այլ չկապիտուլացված հայերի՝ մեծահարուստ Սամվել Կարապետյանն այս կյանքում կորցնելու շատ բան ունի: Եվ, եթե Սամվել Կարապետյանն է հանուն իր գաղափարների և սկզբունքների պատրաստ ազատազրկվելու, թալանվելու և զրկանքներ կրելու, ապա պատկերացրեք, թե ինչի են պատրաստ չկապիտուլացված հազարավոր հայերը, որոնք այս կյանքում Լենինի ասած՝ ոչինչ չունեն կորցնելու, բացի իրենց ձեռնաշղթաներից…
Սամվել Կարապետյանի հետ կատարվողն ապացուցում է, որ սին են բոլոր այն մտորումները, թե Հայաստանի գաուլայտեր նշապակված Նիկոլին կարելի է կառավարիչի աթոռից քերել ընտրական կամ քաղաքացիական միջոցներով, հատկապես, որ քաղաքական դաշտում ժողովրդին արվող առաջարկը նախկին՝ քոչարյանական իշխանության ռեստավրացիան է: Ակնհայտ է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ռեստավրացիայի կարիք չունի, Հայաստանն ու հայ ժողովուրդը ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ, եթե կուզեք՝ ազգային-ազատագրական պայքարի կարիք ունի»: