710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում

14/08/2025 16:00 Ներքին կյանք

ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, պետական ցուցակներում ընգրկված նորահայտ հուշարձանները սահմանված կարգով քննարկվել են նախարարության փորձագիտական հանձնաժողովում և արժևորվել են պատմամշակութային տեսանկյունից, միաժամանակ, համապատասխանում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու» չափորոշիչներին։

Ներառված հուշարձանների թվում են «Տիրինկատար» հնավայրը և վիշապաքարերը, «Արենի-1» քարայրը («Թռչունների քարայր»), «Շամիրամի բերդ» ամրոց-բնակատեղին, Երևան քաղաքի Աբովյան, Բաղրամյան և Նալբանդյան փողոցների՝ 1940-1960-ական թթ․ կառուցապատման մի շարք արժեքավոր շենքեր, «Նաիրի» և «Հայենիք» կինոթատրոնների շենքերը, Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքը, Հակոբ Հակոբյանի «Սարերում», Ս․ Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարները և այլն։

Նշենք, որ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը 2007 թվականից ի վեր չէր լրացվել նորահայտ հուշարձաններով։

—00—ՄԱ