Կրակոցներ՝ «Չաղ Ռուստամ»-ի տան մոտ գտնվող կամրջի տակ․ կա վիրավոր

14/08/2025 10:15 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոտսիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրից՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի տան դիմաց գտնվող կամրջի մոտից, որտեղ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ․-ն է, ով երբեք քրեական պատմությունների մեջ չի եղել, գյուղում համարվում է համեստ և առաքինի բնակիչ և շատերը զարմանում են, թե ում ձեռքն է գնացել, որ կրակոցներ արձակի նրա վրա։ Թե՛ նա, թե՛ իր ընտանիքը արդար քրտինքով հաց են վաստակել։

—00—ՄԱ