Այսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջ․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առաջին անգամ կկանգնի դատարանի առաջ` նրա քրեական գործով առաջին դատական նիստն է նշանակված։
Գործը քննելու է ամենասկանդալային եւ քաղաքական վարույթներ քննող դատավորը` Վահե Դոլմազյանը: Նա դատախազական կադր է, քննել է Դավիթ Տոնոյանի, Արմեն Աշոտյանի, Վլադիմիր Գասպարյանի, Ռուբեն Վարդազարյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ շատ ուրիշների գործերը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց․ դատարանի որոշմամբ նրան տնային կալանք սահմանվեց, իսկ հուլիսի վերջին արդեն, դատարանի որոշմամբ, տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության։ Հակակոռուպցիոն դատարանից մեզ հայտնել էին, որ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցի փոփոխության համար հիմք են հանդիսացել առողջությանը վերաբերող փաստաթղթերը, որոնք ներկայացվել են դատարան։
–00—ՍՊ