Սիլիկյան խճուղում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ

13/08/2025 15:35 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղում բախվել են «Mitsubishi», «ՎԱԶ 2121» և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բախումը եղել է «Նիվա»-ի և «Mitsubishi»-ի միջև՝ ճակատային, ինչից հետո «Նիվա»-ն բախվել է ճանապարհին աշխատանքներ կատարող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաշվեկշռում հաշվառված «ԳԱԶել»-ին:

—00—ՄԱ