Գանձակ գյուղում տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում․ նա հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կանգնեցրել է ավտոմեքենան, իջել և երբ նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում, կանգնել է մեքենայի դիմաց, փորձել կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
—00—ՄԱ