Փաշինյանն ու Տոկաևը քննարկել են տարածաշրջանում բացվող նոր ներդրումային հնարավորությունները

11/08/2025 17:46 Ներքին կյանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է այս տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի նախնական ստորագրումը», ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ կոչը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների լուծարման, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, օրինականության և փոխադարձության սկզբունքների շրջանակներում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև «Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագիծը։

Ղազախստանի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ և աջակցություն է հայտնել այս գործընթացին։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում բացվող նոր ներդրումային հնարավորությունները և համաձայնել, որ դա դրական արձագանք կառաջացնի երկու երկրների ներդրողների շրջանում։

ՀՀ վարչապետը և Ղազախստանի նախագահը համաձայնել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը։

—00—ՄԱ