ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԵԼՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ԽԱՆԱԿԱՆ ԼԾԻ ԱՆԿՈՒՄԸ. Արցախի պատմությունը՝ մաս 7-րդ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
18-րդ դարի վերջին քառորդում Այսրկովկասի համար երեք տերությունների՝ Օսմանյան Կայսրության, Իրանի և Ռուսաստանի հակամարտությունը կրկին սրվել էր և այս պայքարում Արցախի համար կայսրությունների պայքարն առանձնահատուկ նշանակություն ուներ: Մուսուլման խաների ծանր լծի տակ հայտնված Արցախի հայության համար աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը նույնպես հնարավորություն էր ստեղծում ի վերջո ազատագրվելու խանական տիրապետությունից:
1805 թվականի մայիսի 14-ին, Գանձակի մոտակայքում՝ Քյուրակչայ գետի մոտ, գեներալ Ցիցիանովը և Իբրահիմ խանը ստորագրեցին պայմանագիր։ Որպես շահագրգիռ կողմ՝ հայերից ներկա էին Թիֆլիսի և Գանձակի հոգևոր առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոս Գեղարդակիրը և Վարանդայի մելիք Ջումշուդ Մելիք-Շահնազարյանը։ Պայմանագրով Ղարաբաղը ընդունում էր Ռուսաստանի հովանավորությունը, Շուշիում տեղակայվելու էին ռուսական զորքեր, ռուս աստիճանավորների հսկողության տակ Ղարաբաղը ղեկավարվելու էր խանի կողմից։
Շատ չանցած Պարսկաստանի գահաժառանգ Աբբաս-Միրզան մեծ բանակով անցնելով Արաքսը և հարավից մտնելով Ղարաբաղ՝ պաշարեց Շուշին։ Ռուսական կայազորը Լիսանևիչի գլխավորությամբ և տեղի հայ կամավորների օժանդակությամբ համառ դիմադրություն ցույց տվեց թշնամուն։ Ուշագրավ է, որ Իբրահիմ խանը, չնայած իր հանդիսավոր ու գրավոր երդմանը, որոշեց միանալ Աբաս Միրզայի զորքին, իր ընտանիքով գիշերը լքելով բերդը։ Մայոր Լիսանևիչը և մելիք Ջումշուդը, տեղեկանալով Իբրահիմ խանի դավաճանության մասին, հետապնդում են նրան և Խանեն բաղ կոչվող տարածքում ոչնչացնում են Իբրահիմ խանին և նրա ընտանիքի մյուս տղամարդկանց։
Ճիշտ է՝ ռուսական իշխանությունը մելիքական համակարգին արտոնություններ չբաշխեց, բայց կատարեց հայերի համար կենսական նշանակություն ունեցող քայլ՝ Ղարաբաղում վերացրեց խանական կառավարման համակարգը: Իբրահիմ խանի սպանությունից հետո, ռուսաց կայսեր անունից խանի ժառանգ էր հայտարարվել նրա ավագ որդի Մեհտի-Ղուլի խանը։ Վերջինս, չնայած իր հավատարմության երդումներին նոր տերերի նկատմամբ, նույնպես երդմնազանց անձնավորություն էր։ 1822 թվականին Մեհտի-Ղուլի խանի և նրա մերձավորների Պարսկաստան փախչելուց հետո Ղարաբաղի խանությունը գեներալ Մադաթովի հրահանգով լուծարվեց և վերակազմվեց Ղարաբաղի նահանգի, որն անմիջապես կառավարվում էր ռուսական կառավարության կողմից: Փաստացի, Արցախը միառժամանակ շունչ քաշելու և վերքերն ամոքելու հնարավորություն ստացավ:
«Արցախի պատմությունը» նախագծի 7-րդ մասը (ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԵԼՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ԽԱՆԱԿԱՆ ԼԾԻ ԱՆԿՈՒՄԸ) ամբողջությամբ՝ տեսանյութում.
–00—ՅՄ