Արարատի մարզում 29-ամյա կինը գողացել է համագյուղացու ոսկեղենն ու գրավադրել բանկում

10/08/2025 18:56 Ներքին կյանք

Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Տափերական գյուղի բնակիչ մի կին և հայտնել, որ իր տնից գողացել են ոսկեղեն:

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

«Տանտիրուհին պատմել է, որ բացակայել է տնից, տան դուռն էլ կողպած չի եղել, և վերադառնալով նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ոսկյա շղթան և ականջօղերը: Ըստ նրա` պատճառվել էր 650 հազար դրամի վնաս:

Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա մի կին: Նա հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է, որ օգոստոսի 5-ի առավոտյան` ժամը 05։30-ի սահմաններում, ինքն է գողացել ոսկեղենը:

Հայտնաբերվել է նաև գողոնը․ այն գրավադրվել էր բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղում»,- ասվումէ  հաղորդագրության մեջ:

–00—ՅՄ