Վրաերթ՝ Սպիտակում․ մեկ հոգի հիվանդանոցում մահացել է, մյուսին սանավիացիայով տեղափոխում են Երևան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ – Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, «Սպիտակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Սպիտակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորին Երևանի համապատասխան հիվանդանոց տեղափոխելու համար ժամանել է սանավիացիան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են և երթևեկելի գոտուց դուրս ծառի տակ ընդմիջում անելիս են եղել, երբ Mercedes-ը վրաերթի է ենթարկել։
–00—ՅՄ