Քննարկվել են ամերիկյան խոշոր ընկերությունների մուտքը ՀՀ հնարավոր դարձնելու վերաբերյալ հարցեր
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Այս օրերին Վաշինգտոնում եմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Այցի շրջանակում քիչ առաջ Սպիտակ տանը հանդիպել եմ գործընկերոջս՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (Office of Science and Technology Policy – OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսի, Արհեստական բանականության հարցերով Սպիտակ տան ավագ խորհրդական Սրիրամ Կրիշնանի, ԱԲ և տեխնոլոգիաների հարցերով OSTP ավագ խորհրդական Դին Բոլլը՝ի և ԱՄՆ Պետական դեպարտամենտի Քաղաքական պլանավորման բաժնի ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասի հետ։
Հանդիպման ընթացքում Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։ Ես, իմ հերթին, ներկայացրել եմ Հայաստանի ծրագրերն ու առաջնահերթությունները կիսահաղորդիչների նախագծման, արհեստական բանականության և գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ, ներառյալ պետական զարգացման ծրագրերը, ԱԲ վիրտուալ ինստիտուտի ստեղծումը, ինչպես նաև պետական աջակցության ձևաչափը NVIDIA-ի հետ համագործակցությամբ FirebirdAI ընկերության կողմից Հայաստանում մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրի շրջանակում, որը, ի դեպ, արդեն իսկ դիմել է ԱԲ տվյալային կենտրոնի համար նախատեսված համապատասխան ենթակառուցվածքի համար արտահանման թույլտվություն ստանալու համար։
Առաջարկել եմ նաև դիտարկել նման դեպքերի պարագայում արտահանման թույլտվությունների դյուրացման մեխանիզմ ներդնելու հնարավորությունը, որն առաջիկայում կքննարկենք երկկողմ ձևաչափով։
Վերոնշյալ հարցերին զուգահեռ անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան հնարավոր դարձնելու վերաբերյալ հարցեր»,- գրել է նա։
—00—ՄԱ