ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունը համակարգող խմբի նիստին ներկայացվել է նոր նախագիծ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը՝ նպատակ ունենալով քննարկել և վերջնականացնել ճանապարհային քարտեզի նախագծի խմբագրված տարբերակը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նիստը բացել է Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով աշխատանքային խմբի առանցքային դերակատարությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցային շրջանակում, ինչպես նաև՝ ԵՄ-ի հետ համատեղ իրականացվող բարեփոխումների ռազմավարական նշանակությունը:
Նախարարը, կարևորելով միջգերատեսչական սերտ համագործակցության անհրաժեշտությունը, նշել է, որ Արդարադատության նախարարությունն իրականացնում է ճանապարհային քարտեզի նորացման գործընթացի համակարգման աշխատանքները:
Նիստի ընթացքում ներկայացվել է նոր ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաև՝ Արդարադատության նախարարության կողմից ամփոփվել են կատարված աշխատանքները։
Մասնավորապես, հասցեագրվել են ՀԸԳՀ-ից բխող մոտարկման ենթակա բոլոր ԵՄ իրավական ակտերը, հստակեցվել է դրանց բովանդակությունը, և սահմանվել են իրավասու գերատեսչությունները, որոնք պատասխանատու են համապատասխանեցման գործընթացի իրականացումն ապահովելու համար:
Նիստը հարթակ է ծառայել նոր ճանապարհային քարտեզի մշակման գործընթացում ի հայտ եկած խնդիրների քննարկման, ինչպես նաև դրանց հնարավոր լուծումների դիտարկման համար։
_00_ՄԱ