Ուխտերթ՝ դեպի Նոր Վարագավանք
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Տավուշի թեմը ուխտերթ է կազմակերպում Նոր Վարագավանք։
Օգոստոսի 9-ին, ժամը 8:00
Առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցուց
Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ,
Եփեսոսի Սուրբ Ժողովի 200 հայրապետների (431 թ.) տոնին, սույն թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 8:00-ին, Տավուշի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցուց (ք. Իջևան), օրհնությամբ և առաջնորդությամբ հոգեշնորհ Տ. Սամվել վարդապետ Մխիթարյանի, թեմի ողջ հոգևոր դասը և հավատավոր զավակներն ուխտերթով կշարժվեն դեպի Բերդի տարածաշրջանի Նոր Վարագավանք վանական համալիր։
Վանական համալիրում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ վանքի նորանշանակ հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Եղիա քահանա Փահլևանյանի ձեռամբ։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ հանդիսապետությամբ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կկատարվի Անդաստանի կարգ։
Բոլոր այն հավատավոր զավակները, ովքեր ցանկանում են միանալ Տավուշի թեմի այս մեծ ուխտերթին, կարող են դիմել իրենց եկեղեցիների հոգևոր հովիվներին կամ զանգահարել Տավուշի թեմի առաջնորդարան՝ հետևյալ հեռախոսահամարով․
+374 98 30 13 33 (ժամը 9:00–18:00, աշխատանքային օրերին)՝ նախապես գրանցվելու համար։
Ուխտերթի ճանապարհային ընթացքն՝ ըստ ժամանակացույցի․
08:00 – Առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցուց ոտքով շարժվում ենք մինչև Գետահովիտ գյուղ։
08:30 – Գետահովիտ գյուղից մեքենաներով՝ դեպի Այգեհովիտ գյուղի սկզբնամաս։
09:00 – Այգեհովիտի սկզբնամասից ոտքով դեպի գյուղամեջ, որտեղ կկատարվի Անդաստանի կարգ, և կօրհնվեն աշխարհի չորս ծագերը, այնուհետև կշարժվենք մինչև գյուղի վերջնամաս։
09:40 – Այգեհովիտի վերջնամասից մեքենաներով մինչև Բերդի տարածաշրջանի գ․ Վարագավանի սկզբնամաս, որտեղ ևս կքայլենք դեպի գյուղի կենտրոնական հատված, կկատարենք Անդաստանի կարգ, ոտքով կշարժվենք մինչև գյուղի վերջնամաս։
10:30 – Վարագավանի վերջնամասից մեքենաներով դեպի Նոր Վարագավանք՝ չհասած տաղավարներ, որտեղից ոտքով կբարձրանանք մինչև վանական համալիր։
11:30 – Սուրբ և Անմահ Պատարագ Նոր Վարագավանքում, հավարտ Սուրբ Պատարագի՝ Անդաստանի կարգ։
Ուխտերթի ողջ ճանապարհը կանցնենք աղոթքներով և հոգևոր երգեցողությամբ։
Տե՛ր, ուղղի՛ր մեր ընթացքը խաղաղության ճանապարհներով․
Տե՛ր, ուղղի՛ր և առաջնորդիր մեր հոգիները և բոլոր հավատացյալներին՝ գնալ արդարության ճանապարհով դեպի հավիտենական կյանք։ Ամեն։
—00—ՄԱ