Ջալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում դատարանի որոշումը՝ փորձելով ձգձգել վաղեմության ժամկետը

08/08/2025 15:14 Ներքին կյանք

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։

«Ակնհայտ դարձավ, որ մեղադրյալը միտումնավոր չի ստանում դատական ակտը և նպատակը այն է, որ վաղեմության ժամկետը անցնի և խուսափի պատիժը կրելուց։ Վերաքննիչ դատարանը 2 անգամ փոստով և մեկ անգամ էլ առձեռն փորձել է նրան հանձնել որոշումը, սակայն փաստը այն է, որ չի ստացել։ Դատարանի, գնահատմամբ ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօրվա դատական նիստի մասին տեղեկացված է եղել և չի ներկայացել, ինչպես նաև իրեն հայտնի է եղել, որ դատական ակտը իրեն ուղարկվում է և ինքը չի ստանում, Ջալալ Հարությունյանի գործողությունները դիտարկվեց, որպես իրավունքի չարաշահում: Թեև, Ջալալ Հարությունյանը գրավոր հայտնել է իր գտնվելու վայրի մասին և պարտավորվել է ստանալ դատական ակտը, սակայն տուժող կողմը կարծում է, որ նա նորից խուսափելու է դատարանի որոշումը ստանալուց: Ակնհայտ է, որ գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ցանկանում է խուսափել դատարանի դատավճռով նշանակված պատիժը կրելուց, ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց ու այս անձին մի ամբողջ պաշտպանության բանակ է վստահվել, դե բնականաբար 44 օրյա պատերազմի արդյունքն էլ սա պետք է լիներ»,- գրել է նա։

–00—ՅՄ