ՀՀ ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկել, գումարները չեն վերադարձրել. վարույթ է հարուցվել

08/08/2025 10:37 Ներքին կյանք

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ՝ «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի (New Nairi Hotel հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման  վերաբերյալ վարույթ։ Այս մասին տեղեկացրել է ՄՍՇՊՀ-ն:

«Վարույթի համար հիմք է հանդիսացել  «Արարատ նյուզ» և «Արմլուր» լրատվական գործակալությունների կայքէջերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն New Nairi Hotel հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք նախoրոք ամրագրվել և վճարվել են, գումարը չեն վերադարձրել՝ պատճառաբանելով, որ ազատ սենյակներ չունեն և ամրագրումների հետ հյուրանոցը կապ չունի։

Ըստ հանձնաժողովի որոշման՝ սպառողների կողմից կատարված ամրագրումները չեղարկելու, ամրագրման համար վճարված գումարները չվերադարձնելու, ինչպես նաև բարձր գնով այլընտրանքային սենյակներ առաջարկելու առնչությամբ ընկերության վարքագիծն առերևույթ կարող է պարունակել սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ։

Հանձնաժողովը հորդորում է նման վարքագծից տուժած քաղաքացիներին դիմել հանձնաժողով՝ տեղեկությունները ներկայացնելով info@competition.am էլ․փոստի հասցեով»,- նշվում է հաղորդագրությունում:

Հանձնաժողովի որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://ef.competition.am/…/161A3C49-32F1-436B…/download»։

–00—ՅՄ