Քննարկվել են սողանքավտանգ վայրերում ջրահեռացման աշխատանքների վերահսկողության խստացման հարցեր

07/08/2025 22:48 Ներքին կյանք

2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Ներկա են եղել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային խմբի տարբեր ուղղվածության մասնագետների համագործակցությունը կնպաստի ռիսկերը կառավարելու և մարտահրավերներն արդյունավետ դիմագրավելու գործին:

Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է օրակարգային հարցերը, որից հետո ծավալվել է ակտիվ քննարկում։

Նիստի ընթացքում միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների կողմից բարձրացվել են խնդրահարույց հարցեր և առաջարկվել առարկայական լուծումներ:

Քննարկվել են նաև սողանքների ցանկից դուրս մնացած տարածքներում հետազոտությունները շարունակելու անհրաժեշտությունը, սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների իրականացման հնարավորությունները, անտառածածկ հատվածներում` ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացումը և այլ հարցեր:

Ամփոփելով նիստը՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ու շեշտել, որ աղետների ռիսկի թիրախային կառավարումը պահանջում է հետևողական մոտեցում և հենց նման քննարկումների արդյունքում են գտնվում խնդիրների լուծման նոր` ավելի արդյունավետ եղանակներ:

–00—ՅՄ