Քաղաքացին հասարակական կառուցապատման հող է գնել, որը դարձել է ճանապարհ. Hetq.am
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Հմայակ Աբաջյանը 2020թ․ նոյեմբերի 24-ից Երևանի Թբիլիսյան խճուղու հարևանությամբ գտնվող հողամասի սեփականատերն է: Մոտակա սեփական տների բնակիչները նրան պատկանող 158քմ հողամասն ամբողջությամբ օգտագործում են որպես մեքենայի և ոտքի ճանապարհ։ Հ. Աբաջյանը հողամասը ձեռք է բերել մեկ այլ քաղաքացուց: Եթե Հմայակ Աբաջյանն այդ ճանապարհը փակի, տարածքի սեփականատերերը չեն կարողանա ելումուտ անել, մյուս կողմից էլ՝ Հմայակ Աբաջյանը չի կարողանում ազատ օգտագործել և տնօրինել իր սեփական գույքը։ Այս մասին գրում է Հետքը:
Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2004թ. ապրիլի 29-ին որոշել է Թբիլիսյան խճուղուն հարող տարածքն աճուրդով օտարել: Քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և օտարման մրցութային ու աճուրդային հանձնաժողովի 2004թ. մայիսի 27-ի նիստում որոշվել է աճուրդի հաղթողը, որն իրավաբանական անձ է: Նույն տարվա հուլիսին քաղաքապետարանի և ընկերության միջև կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով ավտոմեքենաների համալիր սպասարկման կայանի շինարարության համար որպես սեփականություն վաճառվել է 3000 քմ հողատարածք՝ մոտ 14 մլն 250 հազ. դրամ արժեքով:
Հետագայում գնորդը հողամասը բաժանել է մասերի ու օտարել տարբեր անձանց: Ձեռքից ձեռք անցնելով՝ 158քմ հողատարածքը գնել է Հմայակ Աբաջյանը, որից հետո կատարվել են անհրաժեշտ պետական գրանցումները: Այդ ժամանակ նրա մտքով չի անցել, որ հողամասը ճանապարհ է դառնալու:
Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում ներկայացվող առաջարկը
Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը Հմայակ Աբաջյանի հողի հարակից տարածքներին վերաբերող շինթույլտվություններ է տվել, և այժմ այդտեղ շինարարություն է ընթանում: Շինտեխնիկան հենց Հ. Աբաջյանի հողատարածքով է անցնում, քանի որ այլ տարբերակ չկա: Այդ ժամանակվանից էլ նրա սեփական տարածքն ակտիվ օգտագործվում է որպես ճանապարհ:
Հմայակ Աբաջյանի ներկայացուցիչները բազմաթիվ դիմումներ են ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի հողատարածքը փոխարինվի Երևանում գտնվող ցանկացած համարժեք հողամասով: Սակայն, արհեստական խնդիրների են բախվել: Օրինակ՝ առաջարկվել է որ Հ. Աբաջյանն ինքը գտնի Երևան համայնքին պատկանող այդպիսի հողամաս և կրկին դիմի փոխարինման հարցով: Աբաջյանը խնդրել է քաղաքապետարանին, որպեսզի իրենց հայեցողությամբ Երևանի ցանկացած հատվածում համայնքին պատկանող արտադրական նշանակության համարժեք հողամաս առանձնացնեն և փոխարինեն: Վերջին դիմում-բողոքներին ի պատասխան՝ ստացել է բանավոր առաջարկ՝ փակեք ճանապարհը, բնակիչները խնդիրը թող լուծեն դատական կարգով:
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
–00—ԱՊ