Սնդիկի հավելիչով որոշ արտադրանքների արտահանումը և ներմուծումը ՀՀ վեց ամիս ժամկետով արգելվեց

07/08/2025 11:11 Ներքին կյանք

Կառավարության այսօրվա նիստին սահմանվեց սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց  արտահանումը Հայաստանի Հանրապետությունից  և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի։

Արգելքը չի տարածվում սնդիկի հավելիչով այն արտադրանքի (ապրանքների) վրա, որոնց մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարագիրը՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ օգտա­գործման նպատակով արտադրանքի անհրաժեշտության վերաբերյալ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների վրա։

Արտադրանքը համարվում է սնդիկային, եթե այն հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի համապատասխան դաշտում հայտարարագրվել է որպես սնդիկ պարունակող արտադրանք կամ այդ  արտադրանքի մաքսային հսկողության արդյունքում (այդ թվում՝ տեղեկատվական բաց աղբյուրների օգտագործմամբ) պարզվել է, որ այն հանդիսանում է հեղուկ սնդիկով աշխատող չափման միջոց (սարք) կամ այդ արտադրանքում առկա են հեղուկ սնդիկով լցված մասեր կամ դրանց մակնշվածքում, փաթեթավորման վրա կամ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում առկա են տվյալներ՝ արտադրանքում սնդիկի պարունակության վերաբերյալ։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 16-ից և գործում է վեց ամիս ժամկետով։

–00—ՅՄ