Մեծամորի ՀԱԷԿ-ի տարածքից 35-ամյա տղամարդը ողերի կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

06/08/2025 20:18 Ներքին կյանք

Հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ՀԱԷԿ-ի տարածքում աշխատանքի ժամանակ 4 մետր բարձրությունից վայր ընկնելու հետևանքով շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մեծամոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Բ․-ն է, ով լինելով «Կասկադ Էներգո» ՍՊԸ-ի աշխատակից , որը կառուցապատման աշխատանքներ է իրականացնում ՀԱԷԿ-ի տարածքում, հուլիսի 29-ին հերթական անգամ գնացել է աշխատանքի և երբ բարձրացել է ալյումինե աստիճանի վրա, այդ ժամանակ կորցնելով հավասարակշռությունը, մոտ 3 մետր բարձրությունից մեջքի վրա վայր է ընկել գետնին՝ ստանալով «L1» և «L2» ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

–00—ՅՄ