Խուզարկություններ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. հացի մեջ թմրանյութ ու բջջային հեռախոսներ են թաքցրել

06/08/2025 18:51 Ներքին կյանք

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հիմնարկ արդեն իսկ բերված սննդի մեջ ազատազրկված անձինք թաքցրել են արգելված իրեր, օգոստոսի 6-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Միջոցառումների շրջանակներում ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված 4 դատապարտյալի և վերջիններիս կողմից ազատազրկված անձանց բաշխվող սնունդը։

Խուզարկության արդյունքում հացերի միջից հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս և սղոց-դանակ, իսկ մեկանգամյա օգտագործման տարայում լցված հարիսայի միջից ծառայողները հայտնաբերել են 2 սրվակ, որոնցում առկա են եղել ընդհանուր 7 մլ, թմրանյութի նմանվող, սպիտակ հեղուկ զանգված։

Շարունակելով միջոցառումները՝ ծառայողները խուզարկություններ են իրականացրել նաև տեխնիկական սպասարկման մասնաշենքի տարբեր հատվածներում։ Արդյունքում՝ սննդի բաշխման սենյակի պատի մեջ պատրաստված թաքստոցից,  դատապարտյալների կացարանից, պահարանից, պարանից կախված լվացքի միջից հայտնաբերվել են 5 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, լիցքավորման սարք՝ իր լարով, ինտերնետ հասանելիությամբ թվային սարք և դանակ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

–00—ՅՄ