Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։
Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզային փրկարարական վարչությունների կողմից մի շարք մանկապարտեզներում և կազմակերպություններում անց են կացվել «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժանքներ, միաժամանակ նպատակ ունենալով բարձրացնել մասնակիցների գործնական հմտությունները և ապահովել պատրաստվածությունն արտակարգ իրավիճակների ժամանակ արագ և համակարգված արձագանքման համար։
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել նաև ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի կողմից՝ «Սակրավորական աշխատանքների կազմակերպում և իրականացում բաց տարածքում՝ պայթյունավտանգ առարկայի հայտնաբերմամբ» թեմայով, որի նպատակն էր կատարելագործել անձնակազմի գործնական հմտությունները և բարձրացնել արձագանքման արդյունավետությունը պայթյունավտանգ առարկայի հայտնաբերման դեպքում՝ ապահովելով անձնակազմի անվտանգությունն ու աշխատանքների ճշգրտությունը։
Ելնելով հրդեհավտանգ եղանակային պայմաններից՝ Սյունիքի մարզում անցկացվել է «Հրդեհաշիջումն անտառածածկ և խոտածածկ տարածքներում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Ուսումնավարժանքի հիմնական նպատակն էր բարձրացնել ներգրավված անձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակը, խորացնել նրանց տեսական գիտելիքներն ու գործնական հմտություններն արտակարգ իրավիճակներում արձագանքման, մասնավորապես՝ անտառային և խոտածածկ տարածքներում արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու գործում։
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում անցկացվել են իրազեկման և ուսուցողական դասընթացներ՝ ուղղված բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, որոնք ներառել են մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ «Հեղեղումների ժամանակ և հետո վարքականոնների և ազդարարման ազդանշանները» և «Դաշտերի և այգիների խոտի այրման վնասները և դրա կանխարգելման կարևորությունները», «Հրդեհային անվտանգության կանոնները»:
Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի ՄՓՎ աշխատանքային խմբերը համայնքապետարաններում մասնակցություն են ցուցաբերել համապատասխանաբար «Տարհանված բնակչության ընդունման և կենսապահովման կազմակերպումը», «Դաշտավայրերում, արոտավայրերում առաջացած հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը և իրականացումը», «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը», «Ուժեղ քամիներից բնակչության պաշտպանության կազմակերպումը և հետևանքների վերացումը», «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և հետևանքների վերացումը», «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմաներով շտաբային ուսումնավարժություններին:
Նմանատիպ միջոցառումները կարևոր քայլ են կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացման, ինչպես նաև աղետների դեմ պայքարի ներուժի ամրապնդման ուղղությամբ։
–00—ՅՄ