ՌԴ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված անձանց
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Ռուսաստանը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է տրամադրում Արցախից բռնի տեղահանված անձանց Հայաստանում։ Աշխատանքներն իրականացնում են «Եվրասիա»-ն, «Ռուսական մարդասիրական առաքելություն»-ը՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո։ Տեղական ինքնակառավարման մարմինները, կամավորական միավորումները և կամավորները զգալի աջակցություն են ցուցաբերել։
Արշավը մեկնարկել է հուլիսի 31-ին, առաջին փուլը կտևի ամբողջ օգոստոս։ Այս անգամ օգնության կետեր կտեղակայվեն տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Աբովյանում, Մասիսում, Շիրակում և Կապանում։
Արցախից բռնի տեղահանված հազարավոր անձինք կստանան մոտ 140 տոննա սնունդ և անձնական հիգիենայի պարագաներ։ Օգնությունը ուղղված է ամենախոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներին, տարեց մարդկանց և կերակրողին կորցրած ընտանիքներին։ Նրանք կստանան անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ հացահատիկ,, շաքար, ալյուր, պահածոյացված ապրանքներ, քաղցրավենիք, կարագ, թեյ, սուրճ, օճառ, ատամի մածուկ և ատամի խոզանակներ։ Հավաքվել են առանձին փաթեթներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ մանկական սնունդով, շիլաներով, քաղցրավենիքով, ինչպես նաև հիգիենայի պարագաներով և տակդիրներով։
«Այս գործողությունը պարզապես օգնության փոխանցում չէ, այլ համերաշխության, ներգրավվածության և մարդկային ջերմության դրսևորում մեր հայրենակիցների նկատմամբ։ Սա իսկական ժողովրդական դիվանագիտության օրինակներից մեկն է, որը ցույց է տալիս, որ մեր երկրների ժողովուրդները պատրաստ են օգնել միմյանց դժվարին իրավիճակում։ Արցախի և նրա բնակիչների պատմությունը, որոնցից շատերն այսօր տեղահանված են, իրականություն է, որի հետ բախվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Եվ մենք բարոյական իրավունք չունենք նրանց մենակ թողնելու իրենց խնդիրների հետ։ Ռուսաստանը մարդասիրական օգնություն է տրամադրել Արցախից տեղահանված անձանց շատ տարիներ առաջ, և այս աշխատանքը կշարունակվի», – ասել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան։
–00—ՅՄ