Երբ հանդուրժողականությունը դիտվում է որպես թուլություն, քայքայում է հասարակական բարոյական հիմքերը

01/08/2025 16:14 Ներքին կյանք

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«Հանրային գործչի ճանապարհը ոչ միայն պատվի ու պատասխանատվության ուղի է, այլև մի առաքելություն, որը պահանջում է կամավոր հրաժարում որոշ հիմնարար անձնական իրավունքներից։ Երբ դու հայտնվում ես հանրային հարթակում, քո խոսքն ու գործը դառնում են դիտարկման և մեկնաբանության առարկա։ Այդ պահին ի հայտ են գալիս «դիվանային քննադատները», պատի ճեղքերում թաքնված մռայլ ծիկրակողները, վարձկան գրչակներն ու ֆեյքային մեկնաբանները, որոնց նպատակը ոչ թե ճշմարտության որոնումն է, այլ քո հեղինակազրկումն ու կերպարի խեղաթյուրումը։

Սակայն իսկական հանրային մարդը նրանց չի պատասխանում՝ ոչ զայրույթով, ոչ էլ կծու հակադարձումով։ Նա գիտակցում է, որ հենց այն պահին, երբ ընտրել է հանրային ճանապարհը, ինքը կամովին զիջել է այդ իրավունքը։ Սա հանրային համաձայնագիր է, որը նա կնքել է ոչ թե թղթի վրա, այլ սեփական խղճի և պարտքի զգացողության մեջ։
Պատասխանի իրավունքից այդ կամավոր հրաժարումը ոչ թե թուլություն է, այլ ուժի արտահայտություն։ Այն ցույց է տալիս, որ հանրային գործիչը վեր է կանգնում անձնական վեճերից և անձնական վիրավորանքներից, որովհետև նրա խոսքը չի պատկանում միայն իրեն, այլ այն հանրային սեփականություն է։

Նա իր լռությամբ ու հանդուրժողականությամբ քարոզում է խոնարհություն, քաղաքացիական համբերություն և հոգևոր դիմացկունություն։

Հանրային գործիչը գիտի, որ իր ամեն մի կոպիտ խոսքը կարող է ընկալվել որպես ատելության լեգիտիմացում, իսկ իր լռությունը՝ որպես համերաշխության կոչ։ Եվ հենց այդ պատճառով նա ընտրում է լռել, քանի որ նրա առաքելությունը ոչ թե հակահարված տալն է, այլ հասարակության մեջ հանդուրժողականության և քաղաքակիրթ բանավեճի մշակույթ ձևավորելը։

Սակայն պետք է հստակ գիտակցել, որ հանդուրժողականությունը անսահման չէ։ Երբ այն դիտվում է որպես թուլություն կամ անպատժելիության երաշխիք, այն սկսում է քայքայել հասարակական բարոյական հիմքերը։ Եթե հանդուրժողականության դիմաց ստացվում է ոչ թե փոխադարձ հարգանք, այլ միայն նոր հարձակումներ ու խեղաթյուրումներ, ապա դա այլևս չի ծառայում հասարակական համերաշխությանը։ Այդ դեպքում հանդուրժողականությունը վերածվում է անտարբերության, իսկ անտարբերությունը՝ վտանգավոր լռության, որը կարող է նաև դառնալ պայթյունավտանգ»։

—00—ՄԱ