Խուզարկություն Չարենցավանում․ առաստաղի թաքստոցում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ:
Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու ավտոտնակում: Առանձնացված հատվածի առաստաղի թաքստոցում հայտնաբերվեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ` լիցքավորված 34 փամփուշտով, նաև` մեթամֆետամինի նմանվող հետքերով երկու գլանակ ու վարորդական իրավունքի կեղծ վկայական: Խուզարկությանը ներգրավվել են նաև տեղի փրկարարները՝ ավտոտնակի դուռը բացելու համար։
Չարենցավանցի տղամարդը ձերբակալվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
—00—ՄԱ