Երբ պետականության կորստի վտանգը այլևս կանխատեսում չէ, այլ դաժան իրականություն, շատերը լրջացել են

01/08/2025 09:40 Ներքին կյանք

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Այսօր, երբ պետականության կորստի վտանգը այլևս կանխատեսում չէ, այլ դաժան իրականություն, շատերը հանկարծ լրջացել են։ Մեկը մտահոգության դաշտում է, մյուսը՝ պայքարի դաշտում, բայց համատարած նկատվում է ինչ-որ ուշացած արթնություն՝ թախծոտ, երբեմն էլ ինքնարդարացնող:

Այս նորածին մտահոգների շարքում քիչ չեն այն մարդիկ, ովքեր ժամանակին եղել են պետական համակարգի մաս, անգամ՝ դրա սրտում։ Նրանցից շատերը տարիներ շարունակ շրջել են իշխանության վերնադաս և ենթակա միջանցքներում, մասնակցել են կուլիսային ու բացահայտ առևտրի, կիսել են ռեսուրսներն ու աթոռները՝ մոռացության մատնելով սկզբունքները, ձևականության վերածելով գաղափարները։ Երբեմն՝ կաշառքով լուծելով խնդիրներ, նկարելով փայլուն կատարողականներ։ Երբեմն՝ ընթերցելով հայրենասիրական ելույթներ, բայց ստորագրելով հակապետական որոշումներ։

Տեսնես` այդ մարդիկ այն ժամանակ գիտակցո՞ւմ էին, թե ինչ ճաք է տալիս պետականության հիմքը հենց իրենց ձեռքերի տակ։ Տեսնես` գոնե այսօր, երբ սարսափելի իրականությունն արդեն մեր դռան շեմին է կանգնած՝ անշրջելիության սպառնալիքով, դրանք կունենա՞ն ճշմարիտ ապաշխարելու կարողություն։ Իսկ եթե նույնիսկ ունեն, արդյո՞ք Աստված արդեն ներել է նրանց։ Աստված մեծահոգի է, գուցե կների։ Բայց արդյո՞ք մենք՝ այս ցավն ապրողներս, այս ամենը հիշողներս, ևս պետք է ներենք։ Չէ՞ որ ապաշխարությունն առանց պատասխանատվության կարող է վերածվել ցինիկ մաքրազերծման՝ փրկության զգեստով պատված կեղծիքի։

Այս օրերին ցինիզմն ու հայրենիքի փրկության մասին խոսքն այնքան են խառնվել իրար, որ երբեմն դժվար է տարբերակել, թե որտեղ է իսկությունը, որտեղ՝ ներկայացումը։ Հայրենիքը դարձել է ներկայում ամենաշատ հոլովվող, բայց ամենաքիչ ընկալվող բառը։

Մենք հիշում ենք։ Մենք պարտավոր չենք ոչ մոռանալ, ոչ էլ անմիջապես ներել։ Բայց իրական ապաշխարությունն ու ներկա իրավիճակի նկատմամբ լիարժեք պատասխանատվության ստանձնումը կարող է դառնալ նոր հանրային համերաշխության հիմք։ Այդ դեպքում միայն՝ գուցե ներենք։ Եվ այդ ժամանակ գուցե կարողանանք միասին քաշել այն կարմիր գիծը, որի անհրաժեշտությունն այսքան երկար ժամանակ պահանջված է»։

—00—ՄԱ