«Մահվան նախարարն» ու նրա իրավահաջորդը՝ ընդդեմ վարչապետի․ «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը համախմբվել են՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանին «կարգելու» համար: Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Ավանեսյանը ԲԿ-ի ժամանակավոր տնօրեն նշանակեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանին, որը մանդատից հրաժարվելու ՍՄՍ էր ստացել. բայց սեպտեմբերի սկզբին պետք է կայանա տնօրենի պաշտոնի մրցույթը, որը հաղթելուց հետո նոր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը կունենա նոր տնօրեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ոչ միայն Նարեկ Զեյնալյանը, Նարեկ Վանեսյանը, այլեւ ոլորտի ակտիվ քննադատ, մասնագիտությամբ բժիշկ, «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ նախարար Ավանեսյանն ու նրա ոխերիմ բարեկամ դարձած Արսեն Թորոսյանը «ծուղակ» են մտածել. քանի որ ընտրող հանձնաժողովը, կարելի է ասել, «ենթարկվում» է նախարար Ավանեսյանին, նախկին ու ներկա նախարարները կփորձեն տնօրեն «ընտրել տալ» Նարեկ Վանեսյանին:
Մարդ, որ տարիներ շարունակ կատարել է Արսեն Թորոսյանի հրահանգները, իսկ հիմա «ծառայում» է Ավանեսյանին: Այսինքն՝ Ավանեսյանն ու Թորոսյանը դեմ են դուրս եկել Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմից քաղաքական որոշմամբ նշանակված Զեյնալյանին՝ փորձելով նրան խաղից դուրս հանել:
Այս առումով առաջիկայում մեծ սկանդալ է սպասվում ՔՊ-ի ներսում, քանի որ ԲԿ-ում անգամ թեժ քննարկվում է, որ Զեյնալյանը ստիպված է լինելու հեռանալ հիվանդանոցի տնօրենի պաշտոնից, որովհետեւ այդպես են ուզում նախկին ու ներկա նախարարները:
Իսկ ինչն է պատճառը, որ վաղուց թշնամացած Ավանեսյանն ու Թորոսյանը կրկին միավորվել են: Բանն այն է, որ նրանք ունեն մտավախություններ, որ եթե Զեյնալյանը մնա, առաջիկայում բացահայտումներ են սպասվում կորոնավիրուսի, պետպատվերով բուժումների եւ գնումների գործընթացի մասով, ինչն անցանկալի է Թորոսյանի եւ նրա նախկին ենթակա Ավանեսյանի համար: Իսկ Նարեկ Վանեսյանը այն անձն է, որը կորոնավիրուսի ժամանակ Երեւանի կարանտինային վայրերի ղեկավարն է եղել, ուստի ներգրավված է եղել տարբեր ենթադրյալ չարաշահումների գործերում, որի մասով բացահայտումները առաջիկայում «Ժողովուրդ» օրաթերթը շարքով սկսելու է:
Իսկ ո՞վ է Նարեկ Վանեսյանը: Մերժված «նախկինների» ժամանակ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ հիմնականում մի քանի ամսով. 2018 թվականից զբաղեցնում էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավարի պաշտոնը, որտեղից նրան սկանդալով ազատեցին պաշտոնից: ՄԻՊ գրասենյակը հայտնել էր, որ հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, ով հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։
Այդ օրերի նախարար Արսեն Թորոսյանը նրան անգործ չի թողել. Վանեսյանն այժմ էլ ՀՖՖ-ում զբաղեցնում է բժշկական դեպարտամենտի ղեկավարի յուղոտ աշխատավարձով պաշտոնը ու ընտանիքի հետ ՀՖՖ-ի շրջանակներում հաճախ ճամփորդում է:
Երեկ փորձեցինք ԲԿ տնօրենի մրցույթի վերաբերյալ զրուցել երկու Նարեկների հետ, սակայն երկուսն էլ հայտարարեցին, որ որեւէ մեկնաբանություն չեն ցանկանում տալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
–00—ՅՄ