Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ուսումնավարժություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Հուլիսի 29-ին Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի կողմից Կոտայքի մարզի Նոր Հաճըն խոշորացված համայնքի վարչական շենքում կազմակերպվել և անց է կացվել «Սակրավորական աշխատանքների կազմակերպում և իրականացում վարչական շենքի տարածքում՝ պայթյունավտանգ առարկայի հայտնաբերմամբ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժության նպատակն էր.
ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունն իրենց առջև դրված սակրավորական խնդիրների լուծման ուղղությամբ
կատարելագործել հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի օղակի անձնակազմի գործնական հմտությունները՝ սակրավորական կանչերի համալիր աշխատանքների իրականացման գործում
իրազեկել համայնքապետարանի անձնակազմին և այցելուներին անվտանգ վարվելակերպի կանոնները պայթյունավտանգ առարկաներ հանդիպելիս:
Վարժանքը սկսվեց ըստ նախապես պլանավորած սցենարի. աշխատակազմի աշխատակիցն ահազանգեց 911 և հայտնեց, որ շենքում նկատել են պայթյունավտանգ առարկա: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական խումբը և Ոստիկանության պարեկային ծառայողները սահմանազատեցին տարածքը և իրականացրին հերթապահություն՝ մինչ սակրավորական խմբի կանչի վայր հասնելը: Շենքում գտնվողներն այդ ընթացքում տարհանվեցին: Պայմանական դեպքի վայրում հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խմբերն անցան համապատասխան աշխատանքների իրականացմանը:
Սակրավորները պաշտպանիչ համազգեստով և սաղավարտով նույնականացրին և պարզեցին պայթյունավտանգ առարկայի տեսակն ըստ նշանակության: Հայտնի դարձավ, որ պայթյունավտանգ առարկան ձեռքի նռնակ է՝ պայթուցիչով, որի վրայից բացակայում է լծակը, ինչը շատ վտանգավոր է. սակրավորական աշխատանքների խմբի ղեկավարի հրահանգավորմամբ իրականացվեց պայթյունապաշտպանիչ վահանի բացազատում, որի միջոցով նռնակը չեզոքացվեց և բերվեց տրանսպորտային վիճակի, տեղադրվեց պայթյունապաշտպան տարայի մեջ և տեղափոխվեց հատուկ կահավորված հարթակ՝ վնասազերծման նպատակով:
Արձագանքող ուժերը ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն և կազմակերպվածություն՝ հաջողությամբ իրականացնելով պայթյունավտանգ առարկայի հայտնաբերման, նույնականացման և վնասազերծման աշխատանքները։ Հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական անձնակազմի պրոֆեսիոնալ հմտություններն արդյունավետորեն համադրվեցին անվտանգ աշխատանքի ապահովման հետ, ինչը հնարավորություն տվեց շենքի տարածքում ժամանակին վերացնել վտանգը:
Նմանատիպ ուսումնավարժություններն ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։
–00—ՅՄ