Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Մոսկովյան փողոցում գտնվող պահեստներում շշալցվում են ալկոհոլային կեղծ խմիչքներ: Ըստ տեղեկության` շշալցնողը դրանք նաև վաճառում էր Վանաձորի Շիրվանզադեի փողոցում գտնվող իր խանութում:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Պահեստներից մեկում իրավապահները հայտնաբերեցին տարատեսակ խմիչքների հինգ հազարից ավելի դատարկ շիշ, շշալցման սարք, մեծ քանակի խցաններ ու պիտակներ, տարաներով 400 լիտր սպիրտ, 100 շիշ շամպայն ու կոնյակ:
Մյուս երկու պահեստներում կար տարատեսակ օղիների, գինիների ու կոնյակների երկու հազարից ավելի շիշ:
Իրավապահներն այցելեցին նաև Շիրվազանդեի փողոցում գտնվող խանութ: Այստեղ կային «ՔյուԱռ» կոդեր, խցաններ, սպիրտով լցված տարաներ, իսկ ցուցափեղկին շարված էր պահեստներում հայտնաբերված կեղծ խմիչքների տեսականին:
Պահոստները տնօրինողը, նույն ինքը` խանութի տերը հայտնել է, որ իրավապահների հայտնաբերածը իրենն է:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ