Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

31/07/2025 13:50 Ներքին կյանք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պարույր Հովակիմյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

– պատերը և հատակը չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առկա է եղել առաստաղից մասնիկների թափվելու հնարավորություն,

– չեն եղել բավարար քանակությամբ լվացարաններ՝ ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,

– սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,

– աշխատասեղանները և բեռնարկղերը պահվել են ոչ նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

—00—ՄԱ