Վերականգնվել է պետությանը պատճառված` 650,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը․ Դատախազություն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Ա.Թ.-ն, հանդիսանալով կոմերցիոն և պաշտպանիչ տպագրությամբ զբաղվող ընկերության տնօրենը, տիրապետելով 2014-2016 թվականների ընթացքում ընկերության համախառն եկամտի և հարկվող շահույթի իրական տվյալներին, առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ:
Մասնավորապես՝ Ա.Թ.-ն, խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի և Հարկային օրենսգրքի 22-րդ գլխի (իրավահարաբերությունների ձևավորման պահին գործող խմբագրությամբ) պահանջները, 2014-2016 թվականներին Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ին փաստացի պատկանող կազմակերպության հետ կնքել է ընդհանուր՝ 2 միլիարդ 560 միլիոն 765 հազար դրամի ծառայությունների մատուցման կեղծ, ձևական պայմանագրեր: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ առանձնապես խոշոր չափերով շահութահարկի գումար չվճարելու նպատակով, անհիմն նվազեցրել է հարկվող շահույթը, և, հարկային մարմին ներկայացված՝ 2014, 2015 և 2016 թվականների տարեկան հաշվարկներում, ներառել է խեղաթյուրված տվյալներ:
Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2024 թվականի օգոստոսի 23-ին դատախազի կողմից, սեփական նախաձեռնությամբ, Ա.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը):
Դատախազի կողմից վերոնշյալ որոշումները կայացնելուց հետո, Ա.Թ.-ին ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում՝ նախաքննությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 250 միլիոն դրամի վնասը:
2025 թվականի հուլիսի 28-ին հսկող դատախազը, սեփական նախաձեռնությամբ դադարեցրել է Ա.Թ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը՝ ոչ արդարացնող հիմքով:
—00—ՄԱ