Խաթարվող բարեկամություն. հայ-վրացական լռության վտանգավոր գինը

31/07/2025 10:50 Ներքին կյանք

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․

«Անկախությունից ի վեր հայ-վրացական հարաբերությունները համարվել են տարածաշրջանի ամենակայուն ու փոխըմբռնման վրա հիմնված համագործակցություններից մեկը։ Չնայած պատմականորեն ձևավորված բարդություններին, հայ և վրացի ժողովուրդները միշտ գտել են ընդհանուր լեզու, համագործակցության հարթակ ու միմյանց աջակցության ուղի։ Բայց այսօր՝ այս բարդ ժամանակաշրջանում, մենք կանգնած ենք այնպիսի մի փաստի առաջ, որը նույնիսկ ամենաերկարաձգված լռությամբ այլևս հնարավոր չէ անտեսել։ Այս հարաբերությունները ճաքում են, ու ցավալին այն է, որ Հայաստանի իշխանությունները կարծես թե ոչ միայն չեն փորձում հարթել այդ ճաքերը, այլև գուցե իրենց անգործությամբ նպաստում են դրանց խորացմանը։

Այսօր, Հայաստանի տնտեսվարողները գրեթե ամեն օր բախվում են Վրաստանի մաքսային մարմինների կողմից արհեստականորեն ստեղծվող խոչընդոտներին։ Այդ խոչընդոտները չեն կարող մեկնաբանվել պարզապես որպես տեխնիկական խնդիրներ կամ պատահական բյուրոկրատիա։ Դրանք հետևողականություն ունեն, տրամաբանություն ունեն, և ցավոք՝ նաև հետևանք։ Այս իրավիճակում առավել մտահոգիչը ոչ միայն տնտեսվարողների բախումն է լոգիստիկ խոչընդոտներին, այլ այն, որ պետական մակարդակով այդ հարցերի պատասխանը շարունակում է լինել ոչ համարժեք և անարդյունավետ։

Այստեղ առավել ցավալի է նաև կառավարության այն քաղաքականությունը, որով փորձ է արվում տնտեսվարողների կուտակած բանկային պարտքերը «փակել» պետական բյուջեի հաշվին՝ սուբսիդիաների տեսքով։ Փոխարենը, որ պետությունը աջակցեր առևտրի ազատ ընթացքին, լուծեր մաքսային խոչընդոտները և ապահովեր ապրանքների արագ մուտքը շուկա՝ խթանելով վաճառքը, բյուջեի միջոցներն ուղղվում են հետևանքների մեղմացմանն ու ոչ թե պատճառների լուծմանը։

Ավելին՝ կառավարությունը փաստացի հրաժարվում է տնտեսություն զարգացնելու իր հիմնական գործառույթից և վերածվում է պարտքերի փակում իրականացնող կառույցի՝ հանուն թվացյալ կայունության։ Այս իրավիճակում պետությունը ոչ միայն կորցնում է տնտեսական շահ, այլ նաև նահանջում է իր պատասխանատվությունից՝ իրականում ամրապնդելով վնասակար նախադեպը՝ անհեռատես քաղաքականությունների արդյունքում կուտակված խնդիրները փարատել հասարակության համատեղ վճարով։

Ավելին, այս իրավիճակը ոչ միայն իր վնասակար ազդեցությունն է թողնում գործարար տնտեսությունների զարգացման վրա, այլև սառեցնում է ապագայի հույսերը։ Ներդրումային դաշտը, որն արդեն իսկ մարտահրավերների առաջ է կանգնած տարածաշրջանային անկայունության, ժողովրդագրական խնդիրների ու կապիտալի արտահոսքի պայմաններում, ստանում է ևս մեկ հարված՝ վստահության խորացող ճգնաժամով։ Ո՞ր օտարերկրյա ներդրողը կցանկանա կապվել մի երկրում, որտեղ ապրանքն ամիսներով կարող է կանգնել սահմանին՝ առանց որևէ պետական պաշտպանություն ստանալու։ Ո՞ր բիզնեսը կփորձի մուտք գործել մի շուկա, որտեղ կառավարությունը տնտեսության զարգացման փոխարեն զբաղված է քաղաքական մանևրներով, իսկ համակարգային լուծումների փոխարեն ընտրում է ժամանակավոր փակցումներ։

Այս իրավիճակի լրջությունն առավել քան հստակ է դառնում, երբ նայում ենք կոնկրետ ցուցանիշներին։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ 2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45 տոկոսով։ Սա պարզապես վիճակագրական անկում չէ։ Սա շղթայական հետևանք է՝ մաքսային խոչընդոտներից մինչև վստահության ճգնաժամ, պետական անգործությունից մինչև շուկայի սառեցում։ Երբ երկրի արտահանման և ներմուծման ծավալները նման խայտառակ անկում են գրանցում, դա ոչ միայն նշանակում է արտաքին կապերի ձախողում, այլև ներքին արտադրության անարդյունավետություն և պետական կառավարման ակնհայտ ձախողում։

Այս ամենն, առաջին հերթին, լրջագույն վնաս է երկրի ռազմավարական կերպարին՝ որպես կայուն, վստահելի գործընկեր և ներդրումների համար նպաստավոր հարթակ։ Հայաստանը դեռ փորձում է միջազգային մակարդակով մրցակցել տարածաշրջանի այլ դերակատարների հետ՝ ներդրումներ ներգրավելու համար, սակայն այսպիսի իրավիճակներում մրցակցային առավելությունը վերածվում է խոչընդոտի։ Եվ հենց այստեղ է, որ պետական լռությունը ամենավտանգավոր ազդակն է՝ թե՛ ներսի, թե՛ դրսի համար․ լռությունը հավասար է անպատրաստ լինելուն, իսկ անպատրաստ պետությունների մեջ ոչ ոք ներդրում չի կատարում։

Այն դեպքում, երբ Հայաստանը կանգնած է տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների խաչմերուկում՝ Իրանի հետ անվստահության աճ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ անորոշ բանակցություններ, հյուսիսում՝ լարվածություն Վրաստանի հետ, ներքին տնտեսական ճգնաժամ, միակ բանն, ինչ մնում է իշխանության ձեռքում՝ խոսքն է, որ վերածվում է պոպուլիստական ոչինչ չասող ճառերի։ Մինչդեռ իրական ապրանքը՝ մեր երկրի արդյունքն ու հպարտությունը, փչանում է պահեստներում կամ սահմանին։

Պետական կառավարումը բարդ համակարգ է, որտեղ պատասխանատվությունն սկսվում է խոսքից առաջ։ Դա ոչ թե կոստյումի համեստ փայլն է, այլ քրտինքի համը, ոչ թե ճառերն են ամբիոնից, այլ լուռ ու կոշտ բանակցությունները փակ սենյակներում՝ երկրի տնտեսական շահը առաջ տանելու համար։ Պետական գործչի վեհությունը չափվում է իր վարած արտաքին քաղաքականությամբ, ոչ թե ներքին գործընթացների գեղագիտական փաթեթավորմամբ։

Այլապես վաղը մենք արթնանալու ենք առանց տնտեսություն, առանց գործընկեր պետություն, առանց վստահության՝ ինքներս մեր պետության հանդեպ»։

—00—ՄԱ