Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով բարձված 55 բեռնատար․ նախարար
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։ Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, մթերողների և խաղող մշակողների հետ միասնաբար։ Ի գործ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 30-ին Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման հնարավորություններին։
—00—ՄԱ