Կարմիր խաչի այցելությունները կտրականապես արգելվել են. հայ գերիների ընտանիքների այդ հույսն էլ մարեց

31/07/2025 08:30 Ներքին կյանք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել Կարմիր խաչի գրասենյակն ու ընկերության որեւէ ներկայացուցչի թույլ չտալ այցելել հայ գերիներին:

«Ժողովուրդ» օրաթերթը հայ գերիների ընտանիքների անդամներից տեղեկացավ, որ ադրբեջանական կողմը արգելել է այսուհետեւ այցելել հայ գերիներին, այդ թվում՝ հայ ռազմաքաղաքական գերիներին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ռազմաքաղաքական գերիների հարազատներին Կարմիր խաչի գրասենյակից տեղեկացրել են՝ եթե ամիսը մեկ թույլատրված էր իրենց այցելել գերիներին, տեսակապով մի քանի րոպե կապ հաստատել հարազատների հետ, հիմա ադրբեջանական կողմը կտրականապես արգելել է այդ այցելությունները: Գերիների հարազատները հայտնվել են փակուղում. եթե գեթ մեկ հույս կար գոնե Կարմիր խաչի միջոցով կապ հաստատելու գերեվարվածների հետ, հիմա այդ հույսն էլ մարեց:

Մենք տեղեկացանք, որ ադրբեջանական կողմը որեւէ զիջման չի գնում, իսկ Փաշինյանի խոստացած Խաղաղության համաձայնագիրը օր օրի ավելի մշուշոտ է դառնում:

Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները. նրանք արդեն երկու տարուց ավելի է, ինչ ապօրինի պահվում են Բաքվի բանտում: Շատ ծնողներ պնդում են, որ հայկական կողմից գերիներն իրականում ավելի շատ են, պարզապես Ադրբեջանը չի ընդունում այդ փաստը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

–00—ՅՄ