Հնի հետ փոխկապակցված նոր ընկերություն. Ազատեկի հանքավայրը կրկին ուզում են ուսումնասիրել․ Հետք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Նորաստեղծ «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն մտադիր է ուսումնասիրել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքի օգտակար հանածոները։ Այս մասին հայտնում է hetq.am-ը։
2025 թվականի օգոստոսի 22-ին ընկերությունը նախնական հանրային քննարկում է հրավիրել Վայք համայնքում։ Այդ օրը լսում է լինելու Վայքի միանգամից երկու բնակավայրում՝ Ազատեկում և Զառիթափում:
Հանրային քննարկման հայտարարության մեջ չի նշվում, թե որ հանքային դաշտն է ուզում ուսումնասիրել «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն, միայն կոորդինատային ծայրակետերն են, որին կանդրադառնանք վերջում:
Նախ` ընկերության մասին. «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2025թ. հուլիսի 16-ին։ Հիմնադիրն ու տնօրենը Հովհաննես Հարությունի Բեկմեզյանն է։ Նա «Հետքին» ասաց, որ ամեն ինչ դեռևս այնքան նախնական փուլում է, որ ոչ մի հստակ բան չի կարող ասել։
«Մասնագետներն ասում են, որ էնտեղ կարող է ինչ-որ մետաղներ լինեն, եթե դա հաստատվի, բախտներս բերի հասնենք դրան, էդ ժամանակ կկարողանամ ավելի շատ բան ասել։ Դեռ դիմել ենք համայնքին, որ թույլտվություն ստանանք։ Եթե թույլ տան, նոր ավելի կխորանանք»,- ասաց Հովհաննես Բեկմեզյանը։
Նա չկարողացավ հստակ նշել, թե որ գյուղի վարչական սահմաններում է կամ որ բնակավայրին է մոտ ուսումնասիրվելիք տարածքը, կամ որ հանքավայրն ու ինչ մետաղներ են որոնում։ Ասաց, որ ինքը գնացել, տարածքը տեսել է, սակայն քանի որ տեղացի չէ, չի կարողանում հստակ բնութագրել։
«Սարերի մեջ է, էդպես չեմ կարող ասել, ավելի լավ է գնանք, ցույց տամ, էսպես չեմ կարող բացատրել»,- ասաց Հովհաննես Բեկմեզյանը։
Հովհաննես Բեկմեզյանը խոստովանեց, որ նորեկ է հանքարդյունաբերության ոլորտում, նախկինում դրանով չի զբաղվել։ «Ինչն է հետաքրքրել այդ ոլորտում»,- հարցրեցինք պրն Բեկմեզյանին։ «Հետաքրքրել է այն, որ Հայաստանում էդ ամեն ինչը քիչ է, շահագործման նպատակով օգտագործողները նկատի ունեմ, ես էլ կուզենամ, եթե կարողանամ, ես էլ մտնեմ դրա մեջ, մի բանով եթե կարողանամ օգուտ տալ պետությանը, ինձ, շրջապատիս, բոլորին, թող էդ էլ լինի, ի՞նչ է եղել»,-մանրամասնեց նա։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։