Կոտայքի մարզում մեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ.վարորդին ու ուղևորին փրկել է ամրագոտին

29/07/2025 13:28 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, որպեսզի երկաթե արգալապատնեշները մասնատեն ու ավտոմեքենան դուրս բերեն անվտանգ վայր:  Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը և վիրավորը, որը ուղևորն է, փրկվել են առաջին հերթին ամրագոտու շնորհիվ. նրանք եղել են ամրակապված:

—00—ՄԱ