Ամբողջ գիշեր հրշեջները հերթապահել են Նուբարաշենի աղբավայրում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Երեկ՝ հուլիսի 28-ին, Երևանում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի տարածումը մի քանի ժամում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ, 8-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարների և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբի աշխատակիցների կողմից կանխվեց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ հրշեջների աշխատանքները հրդեհի վայորում ղեկավարել է Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակտար Զավեն Մելքոնյանը: Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ հրդեհի վայր է ժամանել Երևանի քաղաքապետի խորհդական Կամո Արեյանը:
Ողջ գիշեր հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել, որպեսզի կրակի թաքնված օջախներից հրդեհ չբռնկվի, իսկ Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի հանձնարարությամբ՝ Երևանի քաղաքապետարանի մի քանի ջրատար ավտոմեքենաներ ողջ գիշեր ջուր են մատակարարել աղբավայր:
Այս պահին կրակի ամբողջական տարածումը կանխվել է, կարելի է ասել՝ կրակ չկա, ծխում է, ու հիմա Երևանի քաղաքապետարանը հրշեջների հետ իրականացնում է աշխատանքներ. աղբավայրի ամենավտանգավոր հատվածները հողով լցնելու նպատակով բեռնատարներով հող են բերում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 28-ին հերթական անգամ ժողովրդին հայտնի Նոբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել: Այդ մասին ահազանգ էր ստացվել ժամը 12:40-ի սահմաններում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Հրդեհի վայր էին ժամանել փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3-րդ, 8-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկ աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում էր ՀՀ ՆԳՆ ՓԾ Երեվանի Փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել էր աղբավայրի կենցաղային աղբի հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում՝ իր մի քանի օջախներով:Հրշեջները մեծ դժվարությամբ էին պայքարում կրակի տարածման դեմ, քանի որ քամին, ծուխը և հոտն իրենց սև գործն էին անում:
Անգամ կրակի օջախներին հրշեջները մոտենում էին ոտքով, քանի որ հրշեջ մեքենայով անհնար է մոտենալ: Հրդեհաշիջման աշխատանքներում հրշեջ-փրկարարներին աջակցում էին աղբավայրի աշխատակիցները՝ օգտագործելով 1 տրակտոր: Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից:
—00—ՄԱ