Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից

28/07/2025 16:49 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 28-ին, հերթական անգամ ժողովրդին հայտնի Նոբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մասին ահազանգ է ստացվել ժամը 12:40-ի սահմաններում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Հրդեհի վայր են ժամանել փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3-րդ, 8-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկ աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է ՀՀ ՆԳՆ ՓԾ Երեվանի Փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբավայրի կենցաղային աղբի հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում՝ իր մի  քանի օջախներով:

Հրշեջները մեծ դժվարությամբ են պայքարում կրակի տարածման դեմ, քանի որ քամին, ծուխը և հոտն իրենց սև գործն են անում:  Անգամ կրակի օջախներին հրշեջները մոտենում են ոտքով, քանի որ հրշեջ մեքենայով անհնար է մոտենալ:

Հրդեհաշիջման աշխատանքներում հրշեջ-փրկարարներին աջակցում են աղբավայրի աշխատակիցները՝ օգտագործելով 1 տրակտոր: Այս պահին հրշեջներին հաջողվում է կանխել կրակի տարածումը, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից: